Հինգշաբթի՝ փետրւարի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում, յոբելեանական համերգով հանդէս եկաւ Նոր Ջուղայում գործող Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ պարուսոյց Ալինա Գրիգորեանի:
Խմբի հիմնադրման եւ գործունէութեան 20-ամեակին նւիրւած երեկոյի կազմակերպումը նոյն միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութիւնն էր եւ վայելում էր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ՝ Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի հովանաւորութիւնն ու ներկայութիւնը։ Ծրագրին հրաւիրւած եւ ներկայ էին նաեւ քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի, դպրոցների, միութիւնների եւ յոբելեար միութեան Շահինշահրի մասնաճիւղի ներկայացուցիչներն ու պարարւեստը գնահատող հանդիսատես:
Ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ ծրագրի հաղորդավար՝ Կարէն Խանլարեանը, ով հակիրճ տողերով անդրադարձ կատարեց խմբի հիմնադրման եւ անխոնջ աշխատանքին, նշելով, որ քսան տարւայ ընթացքում խմբի ղեկավար պարուսոյցը աշխատելով համայնքի մանուկ-պատանիների ու երիտասարդների հետ, փորձել է իր ներդրումն ունենալ համայնքի մշակութային կեանքի պահպանմանը: «Խումբն ունեցել է ձեռքբերումներ ու վերելքներ, ինչպէս նաեւ անկման շրջան, սակայն մնացել է անառիկ, ինչպէս Էրեբունի ամրոցը», յաւելեց հաղորդավարը:
Պարային ելոյթների մեկնարկը՝ «Մախմուր աղջիկ» երգի ներքոյ, կրտսեր խմբի կատարումն էր, որին յաջորդեցին կրտսեր եւ աւագ խմբերի ու մենակատարների միջոցով բեմականացւած 22 հայ եւ օտար ազգագրական ու ժամանակակից պարային եւ երաժշտական համարներ, որոնք արժանացան հանդիսատեսի գնահատանքի ու քաջալերանքի երկարատեւ ծափողջիւններին:
Երեկոյի ընթացքում հանդէս եկաւ նաեւ միութեան 5-ամեայ «Նայիրի» ժամանակակից պարի խումբը, ղեկավարութեամբ՝ Ալինէ Յարութիւնեանի եւ Սիւնէ Ուղուրեանի, ովքեր հանդէս եկան նաեւ մենապարով: Մենապարով ելոյթ ունեցաւ նաեւ Արիգա Օրոջեանը:
Ուշագրաւ եւ ողջունելի էր արական սեռի ներկայացուցիչների մասնակցութիւնը, ինչը իւրայատուկ շունչ հաղորդեց երեկոյին:
Իւրաքանչիւր համար ներկայացւում էր համահունչ եւ գեղեցիկ բացատրականով՝ հաղորդավարի եւ փոքրիկ հաղորդավարուհի՝ Արթինէ Շահբազեանի միջոցով, իսկ հրաւիրեալ երիտասարդ դուդուկահար՝ Պարոյր Վարդանեանը կատարեց Սայեաթ Նովայի եւ ժողովրդական երգերի ստեղծագործութիւններից հիասքանչ մի շարան:
Համերգային ելոյթները եզրափակւեցին Արա Գէորգեանի «Սարդարապատ» երաժշտութեան ներքոյ պարի կատարումով, ինչը շարունակւեց պարախմբի բոլոր անդամների բեմ ելնելով, ուր Փերիոյ միութեան Կենտ. վարչութեան անունից շնորհակալական խօսքեր ուղղւեցին պարախմբի ղեկավար կազմին ու անդամներին եւ նւիրւեցին ծաղիկներ: Շնորհակալական խօսքեր էր ուղղւած նաեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեանը՝ մշտական հովանաւորութեան համար, ծնողներին եւ բոլոր այն անձանց, ովքեր անվերապահ աջակցութիւն էին ցուցաբերել երեկոյի իրականացման գործում, ինչպէս նաեւ հանդիսատեսին՝ ներկայութեան համար:
Երեկոյի փակման խօսքը վերապահւած էր թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօրը, ով գնահատելով երեկոյի կազմակերպումը եւ յաջող ընթացքը, իր հիացմունքը յայտնեց մանաւանդ փոքրիկների գեղեցիկ կատարումների համար եւ ասաց. «Այսօր փոքրիկների ելոյթները հիասքանչ էին ինձ համար, նրանք բացայայտում կատարեցին՝ իրենց թաքնւած ոսկեայ մեծ տաղանդի ու ձիրքի մասին»: Սրբազան Հայրը գնահատելով «Էրեբունի» պարախմբի պարուսոյցներին եւ կատարւած աշխատանքը նշեց. «Իրենց երկաթեայ ներւերի մաշումը իզուր չի անցել եւ բոլորս կարող ենք վկայել, որ այսօր պարախումբը վերելք է ապրում՝ թրծում, դաստիարակում եւ պատրաստում է ապագայի մատղաշ սերունդ»: Թեմակալ Առաջնորդն իր խօսքը եզրափակեց պարախմբի 20-ամեակի առթիւ շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքերով՝ ուղղւած երեկոյի բոլոր մասնակիցներին:
Թղթակից՝ Նոր Ջուղա
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան